Այցելելով մեր մառանը՝ կարելի է սուզվել ընտանեկան ավանդական գինու արտադրության
պատմության մեջ: Այն այստեղ արտադրվում է նույն եղանակով, ինչ 6 հազար տարի առաջ
Արենիում գտնվող Թռչնոց քարանձավում: Միայն քարանձավի փոխարեն ձեռակերտ մառանն
է՝ կիսով չափ հողի մեջ մտած 1 մետր հաստությամբ բազալտե որմնաքարե պատերով և
դրանց վրա հենվող տուֆից կամարակապ առաստաղով: Ջերմահաղորդիչ բազալտը կլանում է
հողի զովությունը, իսկ ջերմամեկուսիչ տուֆն՝ այն պահում: Մառանի պատուհանները փոքր
են՝ օդափոխության և թույլ լուսավորության համար, դրանք ուղղված են դեպի տան
պատշգամբ՝ պատերը տաքությունից պաշտպանելու և արևի ուղիղ ճառագայթներից
խուսափելու համար: Օդի ջերմաստիճանը մառանում ամբողջ տարվա ընթացքում
պահպանվում է 12-ից 19 աստիճանի սահմաններում: Մառանի, խաղողի ճմլիչի չափերը և
կարասների քանակը համաչափ են վերամշակվող խաղողի քանակին: Մառանը կառուցվել է
1877 թվականին: